Ծննդյան տարեդարձը` ողբերգությամբ. ի՞նչ գազով են լցված եղել փուչիկները

Ծննդյան տարեդարձը կարող էր ողբերգության վերածվել: «Չաո Բամբինո» սրճարանում տարեդարձի առիթով բերված փուչիկները պայթել են` տորթի հրավառությանը մոտ բերվելուն պես: Նաիրի Բարսեղյանը կնոջն ու երեխաներին նոր էր սրճարան ուղեկցել երբ ստիպված էր նրանց հետևից գնալ` հիվանդանոց տանելու: Երեխաներն առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ են ստացել:

 

Սրճարանի սեփանակատեր Գրիշա Հարությունյանը դեպքից հետո զգուշացում է տեղադրել սրահի մուտքի մոտ: Այսուհետև կթույլատրվեն միայն օդով լցված փուչիկները: Սրճարանում երբևէ չեն ստուգում, թե պայթյունավտա՞նգ են արդյոք փուչիկները: Սրճարանում նման դեպքի առաջին անգամ են ականատես լինում: Փուչիկները կամ այցելուներն իրենց հետ են բերում, կամ իրենք են ձեռք բերում լիցենզավորված կազմակերպություններից: «Փուչիկների աշխարհ»-ի տնօրեն ներկայացած մատակարարի հետ երկրորդ անգամ էին աշխատում: Ենթադրում են, որ փուչիկները հելիումի փոխարեն լցված են եղել էժան և պայթունավտանգ գազով:

 

Այցեքարտով ներկայացած անձը Արմնյուզի հետ հեռախոսազրույցում հերքեց, որ մանկական սրճարանին փուչիկներ է մատակարարել: Երեխաների առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում քննություն են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Ոստիկանությունում պայթյունի դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում:

 

Ռեպորտաժը` armnewstv.am կայքում